ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
22.07.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ


Չգիտեմ ինչո՞ւ այսօր այդքան շուտ արթնացա։ Գուցե նրանի՞ց, որ գիշերային թիթեռնիկը սկսեց լուսաբացին դես ու դեն նետվել։ Կամ հեռավոր ամպրոպի որոտի՞ց։ Կամ իմ հոգուն դիպավ արթնացող աշխարհի այն կշտամբա՞նքը, որը բռնում է ամեն մեկին, ով քուն է մտել լուսաբացին։ Չգիտեմ։ Միայն թե ես վեր թռա այնպիսի զգացումով, որ, կարծես, քնով անցա ու բաց թողեցի ինչ-որ շատ կարևոր բան, և քնաթաթախ ու շփոթված բացեցի պարտեզին նայող պատուհանը։ Եվ իսկույն ինձ համակեցին վաղորդյան օդի հոսանքը, աշխարհի քնքուշ զովությունը և սքանչացնող առատությունը։
Գիշերը մոտենում էր ավարտին։ Գունատ երկնքում կամաց-կամաց հանգչում էին աստղերը։ Արևելքից տարածվում էր անվստահ, թույլ լույսը, որն ասես վախվխելով հարցնում էր. «Արդյոք ժամանակը չէ՞»։ Գիշերային ստվերներն արդեն չքանում էին, բայց, այնուամենայնիվ, փորձում էին պահպանել իրենց գաղտնիքները։ Եվ ամեն ակնթարթ փոխվում էր ամեն ինչ։
Երեկ ամբողջ օրն այնքան տոթ էր։ Ամեն ինչ ընկճված ու ջլատված էր կեսօրվա տոթից։ Գետինն արևից այնքան շատ ջերմություն էր կլանել, որ վերադարձնում էր նրա ավելցուկը, իսկ մենք` թշվառ մարդիկս, հոգնատանջ թրև էինք գալիս` զովություն փնտրելով։ Նույնիսկ քամին իր տաք, հիվանդոտ շնչառությամբ թեթևություն չէր տալիս։ Բայց ո՞ւր է այդ ամենը։ Ո՞Ւր կորավ։ Օդը մաքուր է ու թեթև. այն տարածվում է խնդագին ու խաղում։ Նա առողջացել, վերադարձրել է իր թարմությունն ու այնպիսի ուրախությամբ է արբեցած, որ անմիջապես հափշտակում է, արթնացնում ու հարբեցնում լուսավոր նախազգացումներով։ Եվ Աստծո բոլոր արարածները լողանում են նրա մեջ, վայելք ապրում, արձագանքում բուրմունքով կամ երգեցողությամբ։ Քաղցրանուշ բուրում է եղրևանին` ուժասպառվելով սեփական շռայլությունից, դանդաղ ծորում է առաջին հովտաշուշանների բույրը, և ժամանակ առ ժամանակ ամեն ինչ լցվում է սոճու անտառի շնչով։
Իսկ թռչուններն իսկական ցնծության մեջ են. բոլորը սուլոցներ են արձակում այնպիսի պարզսիրտ անկեղծությամբ, կարծես ամբողջ գիշեր մի կուշտ լռել են և հիմա ցանկանում են հայտնել աշխարհին իրենց բոլոր հայտնագործությունները, կամ ասես հստակ ու վերջնականապես լուծել են կյանքի բոլոր խնդիրները և պիտի ազդարարեն իրենց եզրակացությունները։ Մի տեղ հեռվում դեռ ճկճկացնում է սոխակը, բայց արդեն թույլ և հոգնած։ Իսկ մնացած թռչնային բնակչությունն անձնատուր է լինում ինքնամոռաց զվարճության։ Բոլոր տարածությունները լի են քնքուշ դայլայլով, աշխույժ ճռվողյունով, մոտիկ շվշվոցով ու հեռավոր կռկռոցով։ Կարկաչ, փնթփնթոց, բացականչություններ և անսպասելի բարձրաձայն ծվծվոց. այստեղ են և՛ փայտփորիկի տևական հարվածները կամ նույն բանը անվերջ կրկնելը, և՛ քմահաճ ծլվլոցը, և ձանձրացնող ճռճռոցը։ Ծտերի զբոսահանդես, թռչունների գժանոց։ Եվ այդ բոլոր ձայները հստակ են մաքուր օդի պես։ Օդը պարզվում է, ասես հետ քաշվելով և ցույց տալով աշխարհի արթնացող գույները։ Եվ միայն մարդիկ են քունն առնում` իրենց ծանր, ճնշիչ, գայթակղիչ երազներով...
Ինչո՞ւ է այսքան արբեցնող վաղորդյան այս ժամը։ Որտեղի՞ց է այս երջանկությունը, որը համակում է հոգիդ։ Ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ ենք ըմբռնում մենք կյանքի այս կուսական պահերին։ Զառամյալ պառավիկը լուսաշող աչքերով պատմում էր ինձ դրա մասին, երբ ես մանուկ էի, ու ես հավատում էի նրան իմ ամբողջ կյանքի ընթացքում։
«Աստծո օրը,- ասում էր նա,- չափազանց պայծառ է ու քնքուշ։ Ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ լսում և իմանում։ Իսկ դա շատ տանջալից է։ Ինչքա՜ն վատ բան կա երկրի վրա, ինչքա՜ն չարություն ու մեղք։ Մի՞թե հնարավոր է դա տանել։ Այդ պատճառով էլ այն չի կարող երկար տևել, ընդհատվում է։ Բոլոր վիրավորանքները, մարդկային ամբողջ վիշտն ու ցավը առնում տանում է իր հետ։ ՈՒ նրա տեղը գալիս է գիշերային խավարը, քշում է բոլորին, հանգցնում բոլոր լույսերը, դադարեցնում ցերեկվա բոլոր մեղքերը, որ էլ ոչինչ չերևա, որ ամեն ինչ վերջանա։ Իսկ օրն այդ ժամանակ հանգստանում է ու առողջանում։ Իսկ երբ գալիս է գիշերը, բոցավառվում են Աստծո աստղերը, լույս են տալիս հեզությամբ, զեղում մաքրություն` նվիրելով երկրին խաղաղություն, մարդկանց` բարեհաճություն։ Ահա այդ աստղային մաքրությունից և բարությունից էլ մաքրվում է ամեն ինչ. դադարում է մարդկային աղմուկը, իջնում է երկրային փոշին, բոլոր հոգևոր թույները ոչնչանում են, և չքանում է մեղքերի հեղձուցիչ օդը։ Երկրային օդը նորից դառնում է թեթև ու անարատ։ Եվ Աստծո օրը կարող է սկսվել»։
Ինչպես էր նա հետախուզել այդ, չգիտեմ։ Կարող է պատահել, ցերեկները շատ է տառապել, իսկ գիշերները երկար ականջ դրել։ Սակայն ես հավատացի նրան ամբողջ կյանքում։ ՈՒ երբ ինձ նորից այցելում է երջանիկ պահը, և ինձ հաջողվում է տեսնել Աստծո առավոտն իր ամբողջ գեղեցկությամբ ու մաքրությամբ, այդ ժամանակ ես հաստատ գիտեմ, որ նա ինձ պատմել է աշխարհի ճշմարտությունը։
Դա իսկական ճշմարտություն է, որի վրա մեր օրական մարդկային գործերը վեր են բարձրացնում երկրային փոշու մի ամբողջ ամպ։ Իսկական ճշմարտություն է, որ մեր այլանդակ մարդկային կրքերը աղտոտում են և վարակում երկրային մթնոլորտը։ Իսկ ավելի մեծ ճշմարտությունն այն է, որ երկրի փոշոտ, վարակված օդում հնարավոր չէ գեղեցիկ ապրել, հնարավոր չէ ուրախանալ ո՛չ երկրային գեղեցկությամբ, ո՛չ Աստծու կատարելությամբ։ Եվ եթե բարեբեր ապաքինումը չտրվի մեզ վերևից ու չմաքրի մեզ մեր գարշությունից, ապա էլ որտեղի՞ց մենք սպասենք փրկություն։
ՈՒ մի՞թե ճշմարտություն չէ, որ ցերեկվա կյանքն ամեն ինչ ջրի երես է հանում, մերկացնում է մեր առջև աշխարհի ամբողջ նենգությունը, ամբողջ դաժանությունն ու ստորությունը և վերքեր հասցնում մեզ։ Լինում է այնպես, որ օրվա հենց առաջին կեսին այնքան է կուտակվում, որ հնարավոր չի լինում շնչել թունավոր փոշու պատճառով, և խավարում է աչքերի առաջ։ Այդ ժամանակ հարկավոր է անպայման ընդհատել գիտակցության ցերեկային հոսանքը և փնտրել բուժիչ մենակությունը։ Եվ այդ պատճառով ամենադյուրազգաց և նուրբ մարդիկ փնտրում են թեթևացում ցերեկային, թեկուզ և ամենակարճ քնի մեջ։
Ցերեկը հոգս է և կարիք, գիշերը` անհոգություն և հարստություն։ Ցերեկը լծվածք է ու լարվածություն, գիշերը` ազատագրում և անկաշկանդություն։ Ցերեկը` անձկություն և հոգնածություն, գիշերը` մոռացում և ինքնամոռացում։ Ցերեկը` պայքար, գիշերը` անդորր։ Ցերեկը` աշխատանք, գիշերը` փափագած երազանք։ Ցերեկը` ներկայություն, գիշերը` արձակուրդ և բացակայություն։ Ցերեկը` հաղորդակցություն, գիշերը` մեկուսացում և միայնության լռություն։ Եվ ի՞նչ կլիներ մեզ, երկրածիններիս հետ, եթե գիշերը մեզ չտար մեղմացում, պաշտպանություն և ներում։ Իսկ մենք նույնիսկ քնի մեջ չենք կարողանում բաժանվել մեր գայթակղություններից և դժվարություններից։ Ի՞նչ կլիներ մեզ հետ առանց այդ խաղաղ մոռացության, առանց այդ բուժիչ խավարի, առանց այդ բարեգութ խորության, որի մեջ մենք աննկատ սուզվում ենք, որպեսզի հաղորդակից դառնանք երանելի անդորրին և ազատ տեսիլքներին։ Ամենայն երկրային այնքան շուտ է հոգնում. բնությունը հոգնում է ցերեկային լարվածությունից, օրը հոգնում է մեր փոշուց և թույնից, իսկ մենք ուժասպառվում ենք սեփական խեղճությունից ու անճարակությունից, սխալ վերաբերմունքից ուրիշների նկատմամբ` չսիրելուց, մարդկանց ոչ ստեղծագործ, շահամոլ ու երկչոտ ընկալումից։ Եվ եթե բուժումն ու առողջացումը չտրվեին մեզ վերևից, ապա որտեղի՞ց մենք պետք է սպասեինք փրկություն։
Սակայն հենց այդ պատճառով բնությունը վայր է իջնում մեզ վրա ի վերուստ։ Մարում է ցերեկվա լույսը։ Վրա է հասնում մթնշաղը։ Մթնում է։ Նվաղում են մթագնած գույները։ Խոնջացած պատկերները կորցնում են իրենց ուրվագծերը։ Թեթևը թվում է ծանրաքաշ, ծանրը դառնում է համարյա անկշիռ։ Եվ ջինջ խավարը ծածկում է վերջապես աննշմարելի, անհետացող տիեզերքը։ Վրա է հասնում անջատման ժամը` բոլոր իրերը բաժանվում են իրարից, որ հանգստանան միմյանցից, որ հեռանան իրենց մեջ, կորցնեն իրենք իրենց երանելի մենության մեջ ու մտնեն մոռացության մատնված, խորհրդավոր կապի մեջ քնած աշխարհի հետ։ Այդ ժամանակ երկնքում վառվում են Աստծո աստղերը և իրենց շողերն ուղարկում փոշոտված ու հոգնած երկիր։ Դանդաղ հոսեցնում են նրանք սեփական իմաստությունը երկրի վրա, ամբողջ բնության և մարդու վրա, բոլոր հոգնածների, փոշոտվածների և թունավորվածների վրա, ուղարկելով նրանց մաքրագործում և ապաքինում, որ նրանք կարողանան նմանվել աստղերին, որ մարդիկ հանդարտվեն ու խաղաղվեն, քանզի աղմուկն ու բարկությունը Աստծուց չեն, որ նրանք դառնան հեզ ու նուրբ, քանզի կոպտությունն ու դաժանությունը մարդկային անբարոյությունից են, որ նրանք դառնան մաքուր ու պարզ, քանզի փոշին ու կեղտը նշանակում են հիվանդություն ու տառապանք, որ նրանք դառնան հնազանդ և ներդաշնակ, քանզի երկնքում չկան ոչ խռովություն, ոչ քաոս։
Այդպես հոսում են գիշերային ժամերը։ Քնած աշխարհը շնչում է այդ բուժիչ իմաստությունը, օդը դառնում է մաքուր ու երանելի, գույները նորից ստանում են իրենց կենարարությունն ու հրապույրը, ծաղիկները բուրում են նրբորեն և երախտագիտությամբ, իսկ թռչուններն ու գազաններն ունկնդրում են կարծես երազի մեջ երկնային ներդաշնակությունը։
Սակայն հենց այդ պատճառով է մարդը լինում այդքան երջանիկ, երբ արթնանում է վաղ ժամին և հաղորդակցվում ապաքինված աշխարհի զարթոնքին, երբ շնչում է մաքրված օդը, տեսնում նորոգված բնությունը, լսում փետրավոր էակների ցնծությունը, ստանում հրաժեշտի ողջույնը հանգչող աստղերից, սկսվող օրվա մեջ, ծագող արևի և նրա առաջին, զովասուն շնչի մեջ զգում Աստծո շունչը։ Այդ ժամանակ նա սկսում է օրը, ասես նոր է ծնվել ապրելու համար, քանզի նրա սիրտը մաքրվել է, նրա կամքն ապրում է հույսերով. թարմացել ու նորոգվել է նրա երևակայությունը, և թևավորվել են նրա մտադրությունները։
Յուրաքանչյուր օր բերում է մեզ այդ երանելի վաղ ժամը, քանզի ամեն առավոտը Աստծո առավոտն է, իսկ մենք չենք հիշում դա և կյանքում անցնում ենք Աստծո շնորհի կողքից, չկարողանալով գտնել և պահպանել նրա ընծաները։

Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ